«Մենք ապավինում ենք ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը, եթե կառույցում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, ինչի՞ հույս կարող ենք ունենալ» հարցին ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, բայց ՀԱՊԿ շրջանակներում կա հայ-ռուսական երկկողմ համագործակցություն, իվերջո ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որի առանցքում Ռուսաստանն է: Վերջերս ստեղծվեցին կոլեկտիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, զորավարժություններ եղան, այդ ստորաբաժանումների պատասխանատվությունը իր վրա է վերցրել Ռուսաստանը: Մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ իրավապայմանագրային բազա, որը անհրաժեշտության դեպքում փոխադարձ աջակցություն ցույց տալու հնարավորություն է բերում: Բացի այդ՝ չորս տարի առաջ ստորագրված փաստաթղթով ոչ միայն երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետը, այլև արձանագրվեց, որ ՌԴ-ն ՀՀ-ի զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ-ի անվտանգությունը և պետական սահմանների պաշտպանությունը: Իսկ Ղազախստանը և Ադրբեջանը համագործակցում են միջազգային տարբեր կառույցներում, բազմաթիվ տնտեսական ծրագրեր են իրականացնում և ակնկալել, որ լինելով մեկ ռազմաքաղաքական դաշինքի անդամ՝ նրանք պետք է դադարեցնեն երկկողմ գործակցությունը, անտեսեն իրենց ազգային-պետական շահերը, առնվազն սնանկ մտածելակերպ է: Միևնույն ժամանակ մենք մեր ղազախ և մյուս գործընկերներին պարբերաբար ներկայացնում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումները, հորդորում ենք ձևավորել կառուցողական մթնոլորտ: Եվ Ղազախստանի նախագահը, և Բելառուսի, և մյուս պաշտոնատարները հրապարակային ելույթներում ու մասնավոր խոսակցություններում կարևորում են Ղարաբաղի խնդրի փոխընդունելի լուծումը, որովհետև նրանք էլ են հասկանում, որ պատերազմ սկսվելու դեպքում իրենք էլ խնդիրներ են ունենալու՝ հաշվի առնելով գործող իրավապայմանագրային բազան: Նույնն է և ՆԱՏՕ-ի դեպքում: ՆԱՏՕ-ի անդամ երկրները միշտ էլ պաշտպանում են իրենց շահերը: Լինելով ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը՝ Թուրքիան Սիրիայի հարցում իր ինքնուրույն քաղաքականությունն է վարում՝ ելնելով իր շահերից, երբ ԵՄ-ի բազմաթիվ ազդեցիկ երկրներ ունեն հակառակ դիրքորոշում: Թեպետ բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են»: